Սլովակիայում պեղումների ժամանակ Քիլի համալսարանի եւ Սլովակիայի գիտությունների ակադեմիայի հնագիտական ինստիտուտի գիտնականները տպավորիչ գտածո են հայտնաբերել՝ բնակավայրը շրջապատող խրամատում հայտնաբերվել են 38 մարդու մնացորդներ: Այս մասին հայտնում է Քիլի համալսարանը։
Նրանց լավ պահպանված կմախքները տեղադրվել են միասին, եւ, բացառությամբ փոքրիկ երեխայի կմախքի, բոլորի գլուխները բացակայել են։ Ինչպես, երբ եւ ինչու են գլխատել այս հնագույն մարդկանց, գիտնականներին դեռեւս չի հաջողվել պարզել։
Վրաբլե-Վելկե-Լեխեմբին (մ.թ.ա. 5250-4950 թթ.) Կենտրոնական Եվրոպայի վաղ նեոլիթյան դարաշրջանի ամենամեծ բնակավայրերից է եղել եւ արդեն մի քանի տարի է՝ գիտնականների հետազոտության օբյեկտ է։ Հնագիտական արտեֆակտները պատկանում են գծային-ժապավենային կերամիկայի մշակույթին։ Գեոմագնիսական չափումների օգնությամբ նույնականացվել են հարեւան երեք գյուղերի 313 տներ:




























