Դյուկի համալսարանի գիտնականները պարզել են, որ փոքր երեխաները հակված են օգնել շներին ձեռք բերել առարկաներ, որոնց նկատմամբ կենդանիները հետաքրքրություն են ցուցաբերում: Հետազոտությունը հրապարակվել է Human-Animal Interactions ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել է միջին խավի ընտանիքների 20-47 ամսական 97 երեխա (51 աղջիկ եւ 46 տղա): 44 երեխա տանը շուն է ունեցել, իսկ 53-ը՝ ոչ։ Մասնագետները գնահատել են այն գործոնները, որոնք ազդել են երեխայի ցանկության վրա՝ օգնելու շանը վերցնել այն խաղալիքը կամ սնունդը, որը կենդանիները չեն կարողացել ինքնուրույն ստանալ:

Գիտնականները պարզել են, որ երեխաները մեծ հավանականությամբ օգնել են շներին վերցնել անհասանելի իրերը, եթե տանը շուն են ունեցել, եւ եթե այդ իրը ոչ թե խաղալիք է եղել, այլ ուտելիք: Միաժամանակ, երեխաները երկու անգամ ավելի հաճախ են օգնել այն կենդանիներին, որոնք շատ են ուզեցել ստանալ այդ առարկան:

Ինչպես նշել են հեղինակները, իրենց արդյունքները հաստատել են այն վարկածը, որ երկու տարեկան երեխաները ոչ միայն ի վիճակի են որոշել կենդանու վարքագծի նպատակները, այլեւ կարող են եւ օգտագործում են այդ գիտելիքները, որպեսզի օգնեն կենդանուն հասնել իր նպատակներին: