Վրաստանն արժանի է, որ «շատ ուժեղ ազդանշան ստանա»` ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցի վերաբերյալ 2012թ մայիսին Չիկագոյում կայանալիք դաշինքի գագաթաժողովին: Այս մասին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը, հաղորդել է newsgeorgia.ru-ն:

«Գագաթաժողովին Վրաստանն արժանի է շատ ուժեղ ազդանշանի`  ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցի վերաբերյալ: Թե ինչ ձեւով եւ ինչպես դա կարվի, դեռ հայտնի չէ»,- ասել է նա:

ԵԱՀԿ նախագահը կարծում է, որ «հաշվի առնելով Վրաստանում ժողովրդավարական եւ ռազմական բարեփոխումները, ՀՆԱ-ում ռազմական ֆինանսավորման չափը, ինչպես նաեւ նրա նշանակալի մասնակցությունը Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին (ISAF), Վրաստանը արժանի է ստանալու այդ ազդանշանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին»:

Վրաստանի ինտեգրումը ՆԱՏՕ-ին, Աժուբալիսի խոսքով, այն հիմնական հարցերից մեկն էր, որը քննարկվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպմանը: Աժուբալիսը կարեւորել է նոյեմբերի 9-10-ին  ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի եւ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի Վրաստան նախատեսված այցը: