Հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանի օրակարգից հանելու լիազորությունները գտնվում են Հայաստանի նախագահի լիազորությունների տիրույթում: Այդ մասին Ազգային Ժողովի նիստում  հայտարարել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, թե Թուրքիայի խորհրդարանի օրակարգից արձանագրությունների հանումից հետո արդյոք նպատակահարմար չէ՞ արձանագրությունները հանել նաեւ Հայաստանի ԱԺ օրակարգից: 

«Այդ լիազորությունը գտնվում է հանրապետության նախագահի տիրույթում: Թուրքիայի օրակարգից արձանագրությունները չեն հանվել, ուղղակի կանոնակարգ օրենքով երբ նոր խորհրդարան է ձեւավորվում, նախորդ խորհդարարանի օրակարգի բոլոր հարցերը դուրս են մնում: Իմ կարծիքով հանրապետության նախագահը հետեւում է Թուրքիայում կատարվող քաղաքական գործընթացներին եւ մեր առաջարկելու կամ նախագահին հուշելու անհրաժեշտություն ես չեմ տեսնում»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:Նա նաեւ հավելել է. «Համոզված եմ, որ այս ընթացքում, եթե Թուրքիայի կառավարությունը նորից չառաջարկի օրակարգում ընդգրկելու հարցը, հանրապետության նախագահը ճիշտ որոշում կընդունի»:

 Համենայն դեպս, Հովիկ Աբրահամյանը պատրաստ է դիմել նախագահ Սերժ Սարգսյանին հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանի օրակարգից հանելու խնդրանքով, եթե «կոալիցիոն ուժերը, խորհրդարանական բոլոր խմբակցությունները քննարկեն եւ որոշեն, որ անհրաժեշտություն կա դիմելու նախագահին»: