Շվեդիան չի կարող ակնկալել Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում, եթե շարունակի անտեսել ահաբեկիչների սադրանքները, ասել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։
«Եթե Շվեդիան ցանկանում է ունենալ Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում, ապա պետք է կատարի պարտավորություններն Անկարայի հետ պայմանավորվածությունների շրջանակում»,- նախարարի խոսքերը մեջբերել է Anadolu գործակալությունը։
Թուրք նախարարը հիշեցրել է եռակողմ հուշագրի դրույթների մասին, որն ստորագրել են Թուրքիան, Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթաժողովի շրջանակում։ «Այդ փաստաթուղթը կողմերի վրա որոշակի պարտավորություններ է դնում, ուստի Անկարան միանգամայն արդարացիորեն սպասում է Ստոկհոլմից այդ խոստումների կատարում»,- ընդգծել է նախարարը։
Նա նշել է, որ սկանդինավյան երկու երկրները պարտավորվել են Անկարային աջակցություն ցուցաբերել անվտանգության ոլորտում, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաեւ չեղարկել սահմանափակումները պաշտպանական ոլորտում։ Բացի այդ, Թուրքիան Շվեդիային եւ Ֆինլանդիային է հանձնել այն անձանց ցուցակը, որոնք կապ ունեն ահաբեկչության հետ, բայց նրանք դեռեւս Անկարային չեն հանձնվել։
«Ահաբեկիչների սադրանքներն անտեսող երկիրը չի կարող ակնկալել Անկարայի աջակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության ճանապարհին։ Մոտեցումները պետք է վերանայվեն»,- ասել է Թուրքիայի արդարադատության նախարարը։





























