Հայաստանում ջրային ավազանի կառավարման նախագիծ չունեցող փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլատրման ժամկետը երկարացվելու է 5-ից 15 ամիս: ՀՀ կառավարությունը նման փոփոխություն է առաջարկել կատարել Ջրային օրենսգրքում:
Օրինագծին կից հիմնավորումներում նշվում է, որ փոփոխությունը կհեշտացնի վարչական ընթացակարգերը փոքր ՀԷԿ-ների համար եւ կխթանի դրանց զարգացումը:
Նշենք, որ տեւական ժամանակ նման օրենսդրական փոփոխության գաղափարն առաջ էին մղում Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) երեւանյան ներկայացուցչության մասնագետները: Ինչպես նշել է IFC Կայուն էներգետիկայի նախագծի ղեկավար Տիգրան Փարվանյանը, ջրօգտագործման թույլտվության չափազանց փոքր ժամկետը ահաբեկում է ներդրողներին, որոնք ներդրումներ են ծրագրում ավելի երկար ժամկետի համար, անգամ հաշվի առնելով, որ թույլտվությունը կարող է երկարաձգվել, ընթացակարգերի ձգձգման հեռանկարը կարող է բացասաբար ազդել ներդրումների որոշման վրա:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ֆինանսական փորձագետ, Վահան Բաբաջանյանը, Հայաստանում 1 մեգաՎատտ հզորության փոքր ՀԷԿ-ի համար հարկավոր են 600-700 հազար դոլարի ներդրումներ: Ներդրումները կսկսեն եկամուտ բերել 6-7 տարի անց:




























