Կահիրեում իսրայելական դեսպանատան վրա հարձակումն իսրայելական թերթերը համարում են «քաղաքական ցունամի», La Repubblica թերթում գրում է Սանդրո Վիոլան:

«Սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, եգիպտական մայրաքաղաքի իրադարձությունները վկայում են իրավիճակի կտրուկ փոփոխման մասին: Այն վատթարանում է, եւ ապագայում հնարավոր է, որ Եգիպտոսի եւ Իսրայելի 1979 թ. խաղաղ պայմանագիրը չեղյալ հայտարարվի, ինչը 30 տարվա ընթացքում եղել է Իսրայելի անվտանգության գլխավոր երաշխիքը»,-ասված է հոդվածում:

«Իսրայելական պետությունը չի բախվել նման խորը եւ վտանգավոր մեկուսացման: Մի քանի ամսվա ընթացքում Իսրայելի դրության մեջ բավական լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Նախ խզվել են Թուրքիայի հետ հարաբերությունները, որը տարիներ շարունակ հանդիսացել է տնտեսական եւ ռազմավարական դաշնակից: Սիրիական քաոսը հանգեցրել է Սիրիայում պաղեստինցի փախստականների կողմից երկու խոշոր հարձակումների` ուղղված Գոլանի բարձունքներում իսրայելական դիրքերի դեմ: Լիբանանյան սահմանի հյուսիսը աստիճանաբար անցնում է «Հըզբոլլահի» վերահսկողության ներքո»,-գրում է հոդվածի հեղինակը:

«Իհարկե, Միացյալ Նահանգները չեն ցանկանում եւ չեն կարող երես թեքել Իսրայելից. սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջեւ ստեղծված վատ հարաբերությունները եւս նպաստում են Իսրայելի մեկուսացմանը»,-նշում է հեղինակը:

«New York Times-ի լրագրող Ռոջեր Քոենի կարծիքով, մեկուսացման գլխավոր մեղավորը հենց ինքը` Իսրայելն է, ում ձեռնարկած քայլերի հետեւանքով խախտվել են հարաբերությունները այն երկրների հետ, որոնք վերջին տասնամյակում եղել են Իսրայելի դաշնակիցները:

Հորդանան գետի արեւմտյան ափին նոր բնակավայրերի կառուցումը, պաղեստինցիների հետ բանակցություններ վարելուց հրաժարվելը, թուրք 9 քաղաքացիների մահվան կապակցությամբ ներողություն չխնդրելը, ԱՄՆ-ի հետ ավանդական հարաբերությունների վատթարացումը: Կա շատ պարզ բացատրություն Իսրայելի վարած քաղաքականությանը. Նեթանյահուն ցանկանում է, որ իր կառավարությունը հնարավորինս երկար մնա, դրա համար էլ երբեք հանդես չի եկել իր կոալիցիայում գլխավոր հակառակորդ   Ավիգդոր Լիբերմանի դեմ:

Լիբերմանը չի ցանկանում բանակցություններ վարել պաղեստինցիների հետ: Նա կարծում է, որ Արեւմտյան ափը մնում է իսրայելական տարածք, եւ երբ Եգիպտոսում բողոքի ակցիա բռնկվեց, Լիբերմանն առաջարկել էր գնդակոծել Ասուանսի ամբարտակը, որ նոր վարչակարգին ցույց տա, որ Իսրայելի դեմ պետք չէ ուժ կիրառել»:

«Երեկ Նեթանյահուն հանդես է եկել կոչով եւ հայտարարել, որ Իսրայելը ցանկանում է պահպանել Եգիպտոսի հետ նախկին հարաբերությունները: Բայց ոչ մի ելույթ չի կարող ցրել այն վտանգը, որը Իսրայելում ստեղծվել է «արաբական հեղափոխությունից» հետո: Այդ օրերին ամերիկյան եւ եվրոպական լրատվամիջոցները ողջունեցին բռնապետությունների տապալումը եւ դեմոկրատական շարժումների սկիզբը, բայց իսրայելական լրատվամիջոցները չողջունեցին: Նրանք միանգամից հասակացան, որ պետք է պատրաստվեն բարդ ժամանակների»,-գրում է հոդվածի հեղինակը, հաղորդում է InoPressa-ն: