Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ ՌԴ նախագահի օգնական Իգոր Լեւիտինի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը նշել է, որ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցությունը ռազմավարական պայմանավորվածությունների փուլում է, փոխանցում է IRNA լրատվական գործակալությունը։
Անդրադառնալով երկու երկրների միջեւ զարգացող հարաբերություններին՝ Շամխանին ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների պայմանավորվածությունների շրջանակում համատեղ տնտեսական նախագծերի իրականացման արագացման անհրաժեշտությունը։
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Իրանի եւ Ռուսաստանի կարեւոր փոխլրացնող դերը համաշխարհային էներգետիկ եւ տարանցիկ շուկաներում կարեւոր է համարել։
Շամխանին ասել է, որ միակողմանի պատժամիջոցները խոչընդոտում են զարգացմանը եւ հանգեցնում տարածաշրջանային եւ միջազգային ճգնաժամերի աճի։ Նա շեշտը դրել է նաեւ պատժամիջոցների դեմ պայքարի վրա։
Իգոր Լեւիտինը այս հանդիպմանը զեկույց է ներկայացրել Իրան կատարած նախորդ եւ ներկա այցերի համատեղ նախագծերի առաջընթացի մասին։ Նա խոսել է նաեւ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային նախագծի ավարտի ռազմավարական ազդեցության եւ Ռաշտ-Աստարա հատվածը հնարավորինս շուտ ավարտելու Ռուսաստանի պարտավորության մասին:
ՌԴ նախագահի օգնականը հայտարարել է՝ Իրանի ենթակառուցվածքային նախագծերում ներկայության եւ ներդրումների հարցում ռուսական ընկերությունների շահագրգռվածության մասին՝ հաշվի առնելով Իսլամական Հանրապետության բացառիկ հնարավորությունները էներգետիկայի եւ տարանցման ոլորտներում։
Լեւիտինը նաեւ նշել է, որ երկու երկրների տնտեսական եւ բանկային գործիչների ձեռնարկած միջոցներով արդեն իսկ պատրաստվել են անհրաժեշտ մեխանիզմներ՝ դրամավարկային եւ բանկային հատվածում պատժամիջոցների հետեւանքով առաջացած սահմանափակումները հաղթահարելու համար, եւ շուտով ականատես կլինենք Ռուսաստանի եւ Իրանի միջեւ առեւտրային հարաբերությունների լուրջ թռիչքի։




























