Ճշտված տվյալների համաձայն՝ Բրովարիում ուղղաթիռի ընկնելու հետեւանքով զոհվել է 16 մարդ, եւս 30-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից։

«Բրովարիում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ տվյալները ճշտվել են. զոհվել է 16 մարդ, որից 3-ը՝ երեխա։ 30 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ 12 երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ներկայումս որոնողական աշխատանքները շարունակվում են։

Հունվարի 18-ին Կիեւի մարզի Բրովարի քաղաքում մանկապարտեզի մոտ ընկել էր արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության ուղղաթիռը։ Օդանավում եղել է ինը մարդ՝ ՆԳՆ օպերատիվ խմբի վեց ներկայացուցիչներ, մասնավորապես՝ նախարարության ղեկավարությունը՝ նախարար Դենիս Մոնաստիրսկին, նրա տեղակալ Եվգենի Ենինը եւ պետքարտուղար Յուրի Լուբկովիչը։ Բոլորը մահացել են։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը հանձնարարել է Ազգային ոստիկանության եւ այլ լիազոր մարմինների հետ համատեղ պարզել Բրովարիում ուղղաթիռի կործանման բոլոր հանգամանքները։

Ուկրաինայի գլխավոր դատախազը հայտնել է, որ այս պահին պարզ չէ, թե ինչն է դարձել Կիեւի մարզում ուղղաթիռի կործանման պատճառ, դիտարկվում են բոլոր տեսակի վարկածները։

 Ուկրաինայի օդային ուժերի հրամանատարության մամուլի քարտուղար Յուրի Իգնատի խոսքով՝ Կիեւի մարզում կործանված ուղղաթիռը Ֆրանսիայի կողմից փոխանցված Super Puma AS 332-ն է։

Այս ուղղաթիռները նախատեսված են հատուկ Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության, ՆԳՆ-ի համար։