ՌԴ ՆԳՆ աշխատակիցները Ռոստովսկի շրջանում բռնել են վարձու մարդասպանին եւ նրա համախոհին, ովքեր կասկածվում են գործարարների եւ քրեական հեղինակությունների վրա կատարված հարձակումների մեջ, ասվում է ՆԳՆ շրջանային գլխավոր վարչության կայքում: Վարձու մարդասպանի եւ նրա գործընկերոջ զոհերից մեկը դարձել է Կարաս մականունով օրենքով գողը, ով Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) քրեական աշխարհի ներկայացուցիչներից է, հաղորդում է NEWSru.com-ը:

31-ամյա Էդուարդ Կակոսյանին` «Կարասին» սպանել են 2010 թ. հոկտեմբերին Սոչիում: Չնայած քրեական աշխարհի հետ ընդարձակ կապերին` «Կարասն» ունեցել է միանգամայն օրինական բիզնես` առեւտրի կետերի եւ սրճարանների ցանցի տեսքով:

Նախնական վարկածներից մեկով, Կակոսյանի սպանությունը կապված է հայտնի օրենքով գող «Դեդ Հասանի» վրա կատարված մահափորձի հետ: «Կակոսյանը մտնում էր Դեդ Հասանի մերձավոր շրջապատի մեջ եւ կատարում էր նրա հանձնարարությունները` կապված բիզնեսի հետ: Մասնավորապես նա Սոչիում Ուսոյանի սրճարանների «նայողն» է եղել»,-պատմել են իրավապահ մարմիններում:

Դոնի Ռոստովում քիլերները «լուծել են» խոշոր արտահանող-գործարարի եւ նրա թիկնապահի հարցերը:

Վարձկան մարդասպանների նկատմամբ հարուցված քրեական գործը հանձնվել է Մոսկվայի քննիչներին: Օպերատիվ տեղեկատվության համաձայն, ձերբակալվածները կարող են առնչություն ունենալ Մոսկվայում մի շարք պատվերով սպանությունների հետ: Ճիշտ է, դեռեւս չկան տվյալներ, որ ձերբակալված բռնցքամարտիկը մասնակցություն է ունեցել «Դեդ Հասանի» դեմ մահափորձին, ով 2010-ին նույնպես գնդակ է ստացել մարմնին եւ մաիյն հրաշքով փրկվել:

Հարուցված քրեական գործի շրջանակում («Սպանություն» հոդվածով) հետաքննությունը վարում է Ռուսաստանի քննչական կոմիտեն: Եթե կասկածյալների մեղավորությունը հաստատվի դատարանում, նրանց սպառնում է մինչեւ ցմահ ազատազրկում: