Գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել, Գեղարքունիքի մրզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ զորամասի կացարանի հրդեհի արդյունքում զոհվել է 15 զինծառայող: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա խնդրեց ներկաներին ոտքի կանգնել եւ  հարգել զոհվածների հիշատակը:

«Գիշերվանից աշխատում ենք դեպքի հետ կապված, մասնավորապես ՊՆ-ի հետ»,-ասաց նա՝ խնդրելով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին ներկայացնել դեպքի մանրամասները:

Պապիկյանն ասաց. «Ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալների համաձայն հրդեհային  կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաեւ արգելված միջոց: Խոսքը վերաբերում է նաեւ ավտոբենզինին, որը հետագայում հնարավոր չի եղել մարել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող։