Իհարկե, դատախազությունը, քննչական կոմիտեն ի հայտ կբերեն բոլոր հանգամանքները, բայց նաեւ ուզում եմ ասել, որ երբ մենք նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին շրջայց էինք անում ԶՈՒ տարբեր մարտական դիրքերով ու ստորաբաժանումներով, այդ ժամանակ իմ հանձնարարականը ՊՆ նախարարին եւ պայմանավորվածությունը եղել է հետեւյալը, որ մեր ավանդական մոտեցումը, որ այնուամենայնիվ, բանակում առկա խնդիրներին մի փոքր այլ կերպ պետք է վարվել, պետք է ուղղակի դադարեցնել: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի Ազատ գյուղում գտնվող զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքին:

«Ես այն ժամանակ հստակ հանձնարարական եմ տվել, որ կոմպրոմիսներ չեն լինելու: Նույնիսկ վիզուալ եթե պատշաճ իրավիճակում չէ ծառայությունը, կարգապահությունը, պետք է հետեւի կոնկրետ պատասխանատվություն:

Այս առումով ես որոշում եմ կայացրել հենց առավոտյան, երկրորդ բանակային կորպուսի հրամանատարին աշխատանքից ազատելու  միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ նախագահին: Նա արդեն ստորագրել է որոշումը: Բայց նաեւ հանձնարարել եմ ՊՆ նախարարին, որ պետք է շատ կոնկրետ անհտական հետեւանքներ լինեն»,-ասաց նա:

Իր հերթին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հավելեց, որ պաշտոններից ազատվել են նաեւ երկրորդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, թիկունքի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, թիկունքի եւ ԿՇԾ գծով տեղակալ, կորպուսի հրմանատարի տեղակալ մարտական հերթապահության գծով, այնուհետեւ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, հրամանատարի տեղակալ թիկունքի գծով, զորամասի ինժեներական ծառայության պետ, զորամասի ինժեներասակրվորային վաշտի հրամանատար, եւ ԶՈՒ թիկունքի վարչության  հրդեհային անվտանգության ծառայության  պետ:

Նիկոլ Փաշինյանը շարունակեց. «Այս դեպքում խոսքը պաշտոնեական պատասխանատվության մասին է, արդեն թե քերական եւ այլ կարգի պատասխանատվության օբյեկտները ովքեր են, դա արդեն քրեական վարույթի ընթացքում պետք է պարզվի:

Պարզ է, որ այդ կացարանը որպես զինվորական մաս ծառայել է դեռեւս 2020 թվականից, պարզ է, որ այնտեղ սովորական պայմաններ չեն, բայց դա ոչ մի բանի հետ կապ չունի: Ցանկացած կացարան, որտեղ մարդ է ծառայում, պետք է հակահրդեհային կանոնները պահպանվեն:

Կոմպրոմիս պետք է չլինի: Որտեղ չի համապատասխանում հակահրդեհային կանոններին, գնացեք ու փակեք, ֆիզիկապես փակեք: Թող ներդրողը կամ պատշաճ ներդրումներ անի հակահրդեհային կանոնները պահի, եթե ոչ այդտեղ առեւտուր անողները թող գնան այլ տեղում առեւտուր անեն: Հակառակ դեպքում սենց արձանագրելով  գնացեք առաջ: Էսօրվանից հստակ գնացեք, փակեք: Այս շարքը պետք է կանգնեցնել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող։