Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ԵՄ-ին նախազգուշացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)  ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու մտադրության բացասական հետեւանքների մասին, տեղեկացրել է Tasnim գործակալությունը։

ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում նա ասել է, որ Եվրոպական խորհրդարանը «կրակել է Եվրոպայի ոտքին»՝ քվեարկելով այն բանաձեւի օգտին, որը կոչ է անում ԵՄ-ի ղեկավարությանը ԻՀՊԿ-ն ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։

Նա խիստ քննադատել է  Եվրախորհրդարանի «հուզական, ոչ խելամիտ, ոչ ճիշտ եւ ոչ պրոֆեսիոնալ» պահվածքը։

«Անհրաժեշտ է հարգել փոխադարձ անվտանգությունը դիվանագիտության աշխարհում եւ բարձրացնել փոխվստահությունը՝ սպառնալիքների եւ ոչ բարեկամական գործողությունների լեզուն օգտագործելու փոխարեն»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը։

Իրանը բազմիցս հայտարարել է, որ ԻՀՊԿ-ն պաշտոնական պետական մարմին է, որը «խաղացել եւ խաղալու է կարեւոր եւ առանցքային դեր Իրանի եւ տարածաշրջանի անվտանգության ապահովման, հատկապես ահաբեկչության դեմ պայքարի գործում»,- ավելացրել է դիվանագետը։

Նա նաեւ ընդգծել է, որ Իրանի խորհրդարանն «օրինական եւ վճռական» պատասխան կտա Եվրախորհրդարանի գործողություններին, եւ կոչ է արել ԵՄ-ին «մտածել իր վարքագծի անբարենպաստ հետեւանքների մասին»։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոնդ դեր Լյայենը հայտնել էր, որ կողմնակից է ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելուն։ Նրա խոսքով՝ Եվրամիությունում պատրաստում են պատժամիջոցների նոր փաթեթ Իրանի դեմ՝ հանրապետությունում մարդու իրավունքների խախտումների ֆոնին։