Չի կարելի զորամասում տեղի ունեցած ողբերգության ողջ պատասխանատվությունը մեկ անձի վրա դնել։ Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովում՝ ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով Ազատ գյուղի զորամասում հրդեհից հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի մասին հարցին։
Պատգամավորի խոսքով՝ երկրում ստեղծված ցանկացած իրավիճակի համար քաղաքական պատասխանատվություն են կրում պաշտպանության նախարարը եւ Հայաստանի իշխանությունները։
«Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է անմիջապես քավության նոխազ գտնենք եւ ամեն ինչ բարդենք մեկ անձի վրա»,- պարզաբանեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ այս գիշեր Գեղարքունիքի զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով 15 զինվոր է մահացել։ Հրդեհների հետ կապված, պաշտոնանկ է արվել բանակային կորպուսի հրամանատարը։





























