Եվրամիությունը եւ նրա անդամները պետք է ձգտեն հատուկ միջազգային տրիբունալի ստեղծմանը՝ Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական ղեկավարության կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության հետապնդության համար, ասվում է հինգշաբթի՝ հունվարի 19-ին, Ստրասբուրգում Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւում։ Դրան կողմ է քվեարկել 472, դեմ՝ 19, ձեռնպահ՝ 33 պատգամավոր, հաղորդում է DW-ն։
Եվրախորհրդարանը որոշել է, որ Ուկրաինայի եւ միջազգային հանրության, ցանկալի է ՄԱԿ-ի հետ սերտ համագործակցությամբ պետք է ստեղծվի հատուկ տրիբունալ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված Նյուրնբերգյան դատավարության նմանությամբ, որտեղ դատում էին նացիստական առաջնորդներին:
Նման տրիբունալները ստեղծվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ՝ նախկին Հարավսլավիայում եւ Ռուանդայում ռազմական հանցագործությունների մեղավորների դատական հետապնդության համար։
Նախաձեռնության հեղինակների գլխավոր խնդիրը դրա համար ընդհանուր իրավաբանորեն հիմնավորված ճանապարհ գտնելն է, իսկ հիմնական պայմանն այն է, որ դատարանը իրավասու լինի հետապնդել Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանի Դաշնության քաղաքական եւ ռազմական ղեկավարությանը, ինչպես նաեւ Ալեքսանդր Լուկաշենկոյին եւ Բելառուսի ղեկավարությանը՝ որպես պետություն, որի տարածքից եւ որի աջակցությամբ Ռուսաստանը պատերազմում է Ուկրաինայի դեմ։
Բանն այն է, որ ագրեսիայի հանցագործությունների համար պատասխանատու է երկրի բարձրագույն ղեկավարությունը, սակայն նրա վրա տարածվում է օտարերկրյա քրեական իրավազորությունից միջազգային անձեռնմխելիություն։ Սա նշանակում է, որ նման տրիբունալի համար անհրաժեշտ է հանել անձեռնմխելիությունը։ Դրա համար էլ անհրաժեշտ է համաշխարհային հանրության հզոր աջակցությունը, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կաթվածահար է ուկրաինական պատերազմին առնչվող ցանկացած հարցում, քանի որ Ռուսաստանը նրա մշտական անդամն է, որն ունի վետոյի իրավունք։
Ուստի ԵՄ-ն եւ Ուկրաինան պետք է աջակցություն փնտրեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եւ այլ միջազգային համաժողովներում՝ ակտիվորեն օգտագործելով հանրային դիվանագիտությունը եւ ռազմավարական հաղորդակցությունը, ընդգծվում է Եվրախորհրդարանի բանաձեւում։





























