Կորպուսի հրամանատարին աշխատանքից ազատել են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի վրայից պատասխանատվությունը գցելու եւ զինվորականներին մեղադրելու համար։ Նրանք հարմար թիրախ են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ Նա կարծում է, որ այս գործով միանշանակ պետք է դատապարտյալներ լինեն, բայց դա հաշված ժամերի ընթացքում չի արվում։ Երկրորդ բանակային կորպուսում պաշտոնանկությունները փորձագետը ցուցադրական անվանեց։ «Ի՞նչ կապ ունի հրամանատարի մարտական ծառայության գծով տեղակալը։ Մի՞թե Սուրեն Պապիկյանը չգիտի, թե ինչ պայմաններում են ծառայում իր զինվորները։ Նա, առաջին հերթին, պետք է նրանց ապահովի անհրաժեշտ ամեն ինչով։ Հենց Պաշտպանության նախարարությունն է պատասխանատու դրա համար։ Բայց երբ խոսում են Սուրեն Պապիկյանի մասին, միայն կոչ է հնչում չշտապել։ Բարոյական տեսանկյունից նա պետք է հրաժարական տար։ Պապիկյանը դեռ չի այցելել ողբերգության վայր։ Նա զբաղված է իր աթոռը պահելով։ Նրանց հիմա հետաքրքրում է քարոզչությունը, հասարակական կարծիքը, այլ ոչ թե կատարվածը»,-պարզաբանեց Վրթանեսյանը։

Նրա խոսքով՝ այդ ողբերգությունը համակարգային խնդրի հետեւանք է, որի մասին փորձագետները վաղուց էին զգուշացնում։ Արդեն երկար ժամանակ է, ինչ խոսում են խայտառակ իրավիճակի եւ ընդհանուր առմամբ դիրքերի կահավորման մասին։

«Մենք տեսնում ենք, որ զինծառայողներն ապրում են վրաններում։ Նախկինում եւս տնակում հրդեհի դեպք է եղել, որի հետեւանքով զինծառայող է զոհվել։ Այս խնդրի լուծման համար ռեսուրսների եւ հնարավորությունների առկայության դեպքում անհրաժեշտ ծավալով աշխատանք չի իրականացվել։ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո բոլոր միջոցները պետք է ուղղվեին բանակին, անգամ՝ սննդի ստացման քարտային համակարգին անցնելու գնով․․․Փոխարենը գումար կա Երեւանի ամանորյա լուսավորության, Եվրատեսիլի անցկացման եւ այլնի համար։ Այդ նպատակով միլիոնավոր դոլարներ են ծախսվել։ Բացի այդ, հսկայական գումարներ են ծախսվում դեկորատիվ ճանապարհային աշխատանքների վրա, փոխվում են եզրաքարերը եւ այլն։ Դրա հետ մեկտեղ պարզվել է, որ ռազմական բյուջեի ծախսային մասը չի կատարվել հարյուր միլիոնավոր դոլարների չափով։ Զինվորներին կարելի էր ապահովել նորմալ կենսապայմաններով, նորմալ ջեռուցմամբ»,-նշեց փորձագետը։