Շուշիից տեղահանված Հովսեփյանների բազմանդամ ընտանիքը 2022 թվականին 4 սենյականոց բնակարան է ստացել նորակառույց շենքում: Աննա Ավանեսյանն ասում է՝ ավելի քան 10-ը տարի վարձով ապրելուց հետո 2020-ին որպես բազմազավակ ընտանիք Շուշիում սեփական երկհարկանի տուն ստացան: Ընդամենը երեք ամիս վայելեցին:

«Մեզ համար դա հեքիաթային էր, երեխաները շատ էին ուրախացել, հատկապես, որ բակը շատ մեծ էր, դա նրանց համար լավ հնարավորություն էր դրսում երկար խաղալու»,– Արցախի Հանրային հեռուստանընկերության հետ զրույցում ասում է Աննան։

Պատերազմը տակնուվրա արեց ամեն ինչ: Ո՛չ ծնողերը, ո՛չ էլ երեխաները չէին պատկերացնի, որ դուրս են գալու Շուշիից եւ էլ տուն չեն վերադառնալու:

«Ոչ մի նկար, ոչ մի հուշ, իր չենք վերցրել, միայն մի քանի շոր ենք վերցրել մի քանի օրվա համար, որ հետ ենք վերադառնալու տուն»,– ասում է 4 երեխաների մայրը։

Հայկը երեխաներից  ավագն է: Անմոռանալի հիշողութուններ ունի իր ծննդավայրից: Շուշիի մասին խոսում է երանությամբ: Պատերազմից հետո ժամանակավոր ապաստանել են Երեւանում: Հակառակ   դժվարություններին  Հայկը չի կորցնում Արցախում խաղաղ ապրելու հույսը:

Ընտանիքի հայրը  չի թաքցնում՝  մտահոգված է երեխաների անվտանգությամբ, բայց եւ  գիտակցում  է՝  ելք չկա, պետք է պայքարել:

«Ես իմ հայրնքիը չեմ լքի երբեք: Պիտի պահենք, որ ապրենք»,– ասում է նա:

Հայրը գոհ չի որդիների ընտրությունից, բայց եւ չի ընդդիմանա նրանց ցանկությանը: Երբ մեծանան, ինչ են ուզում դառնալ հարցին Գագիկի երեք որդիները միանգամից պատասխանում  են՝ զինվորական։

Իսկ փոքրիկ Անին բժիշկ է ուզում դառնալ, որ բուժի հիվանդներին, որ ծնողները, եղբայրները,  տատիկը երբեք չհիվանդանան։

Շրջափակումը նոր խնդիրներ է ստեղծել: Ճիշտ է երեխաների ուզածը չկա, բայց դեռ կարողանում են գոյատեւել: Նրանք ավելի շատ միրգ են ուզում: Փոքրիկ Անին, օրինակ, խնձորի սիրահար է: Հասկանում է ճանապարհը փակ է, դրա համար էլ խանութներում չկա: Երկու օրից առաջին անհրաժեշտության  ապրանքները կգնեն:

Տատիկը  բերել է որդու ընտանիքի հասանելիք կտրոնները՝  մեկ ամսվա համար:

Տիկին Կարինեն խոստովանում է՝ շատ ծանր է տանում ստեղծված  իրավիճակը: Ուզում է հասկանալ՝ որքան կտեւի այս մղձավանջը: Ասում են, եթե հոսանքի, գազի խափանումները շարունակվեն, փայտի վառարանի հոգս են անելու: Մեկ է մնալու են Արցախում, որքան էլ դժվար լինի:  

«Սա մեր երկիրն  է, սա մեր ծննդավայրն է, սա մեր ամեն ինչն է, տատ ու պապն ա, կապրենք ստեղ, կվերջանանք ստեղ»,– ասում է տիկին Կարինեն։