Լեհաստանը կարող է «Լեոպարդ 2» տանկեր ուղարկել Ուկրաինա՝ անգամ առանց Գերմանիայի հավանության, ասել է արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին Կիեւի համար սպառազինությունների վերաբերյալ վճռական խորհրդակցությունից առաջ, տեղեկացրել է Reuters-ը։

Վարշավան եւ ՆԱՏՕ-ի գծով մյուս դաշնակիցները Գերմանիային կոչ են անում հավանություն տալ գերմանական արտադրության տանկերն Ուկրաինա ուղարկելուն։

Ըստ երեւույթին, այս հարցը գերիշխելու է արեւմտյան դաշնակիցների բանակցություններում, որոնք կայանալու են ուրբաթ գերմանական Ռամշթայն ավիաբազայում։

«Ես չեմ բացառում, որ մենք պատրաստ ենք գնալ այդպիսի քայլի»,- ասել է Պավել Յաբլոնսկին RMF FM մասնավոր ռադիոյին՝ նկատի ունենալով Ուկրաինա տանկեր ուղարկելու հնարավորությունը, անգամ եթե դրա դեմ հանդես գա Գերմանիան։ «Ներկայում մենք փորձում ենք ստիպել Գերմանիային ոչ միայն համաձայնել այդ տանկերը Լեհաստանից կամ այլ երկրներից ուղարկելուն, այլեւ որ ինքն էլ անի դա»։

Գերմանիան չի ցանկանում ծանր հարձակողական սպառազինություն ուղարկել, որը կարող է ընկալվել որպես հակամարտության թեժացում Ուկրաինայում, եւ մինչեւ այժմ մերժել է դաշնակիցներին «Լեոպարդ 2» տանկերի վերարտահանումը թույլ տալու հարցում։

«Ես կարծում եմ, որ եթե ուժեղ դիմադրություն լինի, մենք պատրաստ կլինենք գնալ անգամ այդպիսի ոչ ստանդարտ գործողությունների... բայց իրադարձություններից առաջ չենք ընկնի»,- ասել է նա։

Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին էր հայտարարել, որ Վարշավան կարող է «Լեոպարդ 2» տանկեր ուղարկել Ուկրաինա՝ ավելի լայն կոալիցիայի կազմում, եթե Գերմանիան իր համաձայնությունը չտա։

Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասը հինգշաբթի հայտարարել էր, որ մի քանի երկրներ Ռամշթայնում հանդիպման ժամանակ կհայտարարեն Ուկրաինա «Լեոպարդ 2» տանկեր ուղարկելու մասին։

Սակայն Գերմանիան դեռ որեւէ երկրից գերմանական «Լեոպարդ 2» տանկերի վերարտահանման թույլատրման մասին հարցում չի ստացել, տեղեկացրել է Գերմանիայի կառավարության աղբյուրը։