Եռաբլուր զինվորական պանթեոնից զոհվածների ծնողներին բերման ենթարկելու գործով տուժող է ճանաչվել 22 հոգի, սակայն ընդամենը 4 ծնողի հետ է առերեսում տեղի ունեցել, ինչը շատ քիչ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը:
Նշենք, որ զոհվածների ծնողները Քննչական կոմիտեի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք դժգոհ են նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին իրենց բերման ենթարկելու վարույթի նախաքննությունից: Ծնողները կասկածներ ունեն, որ վարույթի կասեցման հրաման կա:
«Վարչության պետը մեզ նորից հավաստիացրեց, որ ամեն ինչ ընթանում է օրենքի տառին համապատասխան, բայց մենք չենք վստահում որեւէ մեկին»,- պատմեց Վահիդ Սահակյանը:
Անդրադառնալով հունվարի 19-ին զորամասում հրդեհի հետեւանքով 15 զինծառայողի մահվան հանգամանքներին՝ զոհվածի ծնողն ասաց.
«Երկրի գերագույն գլխավոր հրամանատարը արդեն ինքն իրեն որպես քննիչ, դատավոր, քննիչ արդեն ներկայացրեց. բենզին է եղել, այն լցրել են, ոնց որ ինքը ներկա է եղել այդ գործողություններին: Տղաներին տարել ու լցրել են մի հատ ոչ վայել տուն, ո՞վ է մեղավոր, երկրի գերագույն գլխավորը: Զինվորականության մեջ վերեւից ներքեւ է հրամանը, ներքեւից վերեւ հրաման չի տրվում: Բոլորը մեղավոր են, բացի իրենցից: Լցրել են մի սենյակի մեջ, վառել եւ հետո հանրագիտարանից վերցրած բառ են ասում՝ սահմռկեցուցիչ դեպք է»:
Զոհվածի ծնողի կարծիքով՝ երկրում անպատժելիության մթնոլորտ է. «Մեր երկրում պատժում են այն մարդուն, ով դեմ է խոսում, իսկ մենք կորցրել են ամենաթանկը ու կորցնելու բան չունենք, մենք ասելիք ունենք, ուզում ենք երկիրը փրկվի, ուզում ենք երկիրը հայկական մնա, որտեղ մեր տղաների արյունն է թափվել»:











