Մեծ հաշվով պարզ է՝ ինչ է տեղի ունեցել: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հունվարի 19-ին Ազատ գյուղում զինվորների կացարանի միջադեպին, որի հետեւանքով 15 զինվոր է զոհվել:

Դիտարկմանը, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասել էր, որ պետք էր ծառայողական քննություն նշանակել, գտնել մեղավորներին, նոր պատասխանատվության ենթարկել, ոչ թե դեպքից մի քանի ժամ անց նշանակել պատասխանատուներ եւ ազատել աշխատանքից, Ալեն Սիմոնյանն ասաց. «Նման որոշում կայացնող մարմինը գտել է, որ ճիշտ է այդ ճանապարհով գնալ: Եթե չգիտես՝ ինչ է տեղի ունեցել, կարող ես ծառայողական քննություն նշանակել, բայց երբ պարզ է…»:

Ինչ վերաբերում է նրան, որ նման հայտարարություններով իշխանությունն ուղղորդում է նախաքննության մարմնին, ԱԺ նախագահն ասաց. «Ես ասում եմ այն, ինչ իմ զրույցի ընթացքում տեղեկացել եմ զինվորների հետ հանդիպումներից հետո: Իմ տպավորությունն եմ պատմում, կարող է քննությունն այլ բան պարզել, կամ կարող է ինձ կանչել հարցաքննության, հարցնել՝ քեզ ով ինչ է ասել, ես  դրա պատասխանները կտամ»:

Լրագրողները հիշեցրին, որ դեռեւս 2018-ի հունվարին Նիկոլ Փաշինյանը խիստ քննադատության էր ենթարկել իշխանություններին բանակում երկու զոհի վերաբերյալ, ի՞նչ է փոխվել նրա մոտ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Համեմատականները տեղին չեն: Մեծ քանակով շատ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ պաշտոնանկ են արվել: Ձեր նշած ժամանակում քանի՞ նման դեպք գիտեք, որ բարձրաստիճան պաշտոնյաների շարան է պաշտոնանկ արվել:

Քաղաքական պատասխանատվություն չկա, որովհետեւ քաղաքական գործառույթի բացակայություն կա: Քաղաքական որեւէ որոշում կամ քայլ չկա, որ պետք է արվեր ու չի արվել եւ դրա հետեւանքով տեղի է ունեցել այս դեպքը»:

Հարցին, թե արդյոք քաղաքական պատասխանատվության խնդիր չէ, որ զինվորը հայտնվել է այդ իրավիճակում, որ նա որ թե զորամասում կամ խրմատում է, այլ ինչ-որ խրճիթում, ԱԺ նախագահն արձագանքեց. «Դա խրճիթ չէ, դրանք տներ են, որ շինարարական կամ սակրավորների ջոկատները այդտեղ են բնակվում: Նրանք ապահովված են ամեն ինչով, բացի անվտանգության նորմերից, որոնք խախտվել են եւ որի հետեւանքով տեղի է ունեցել այդ դեպքը: Դուք չկարողացաք նշել, թե այդ որ գործողությունն է, որի հետեւանքով եղել է դեպքը կամ որ գործողությունն է, որը չի արվել եւ դրա պատճառով եղել է դեպքը: Իրենք ամեն ինչով ապահովված են եղել, բայց եթե բենզինը լցնում ես կրակի վրա...»:

Ալեն Սիմոնյանը կրկնեց, որ քրեական գործ է հարուցված, քննություն է գնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը եւս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Ընդհանրապես, այդ դեպքի հետ կապված հանրության մոտ բազմաթիվ հարցադրումներ են առաջանում, օրինակ, ինչո՞ւ  պատշաճ կեցավայրում չեն ապրել զինվորները , այլ գյուղական տանը, որը չի համապատասխանել զորանոցի անվտանգության չափանիշերին։

Հանրությունը վրդովված է նաեւ նրանից, որ պաշտպանության նախարարը այդպես էլ չի այցելել դեպքի վայր:

Շատերը պահանջում են նախարար Սուրեն Պապիկյանի, որպես կատարվածի գլխավոր պատասխանատուի հրաժարականը։

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։