Թուրքիայի տարածքում եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման վերաբերյալ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ պայմանագիրը ստորագրվել է Թուրքիայում սեպտեմբերի 14-ին, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Ավելի վաղ Անկարայի, Վաշինգթոնի եւ Բրյուսելի (ՆԱՏՕ-ի շտաբ գրասենյակ) միջեւ ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն ռադիոլոկացիոն կայանի վայրի մասին: Ռադարի հնարավոր տեղակայման չորս տարբերակներից Միջերկրական ծովում ընտրվել է Մալաթիայի մոտ գտնվող վայրը եւ նույնանուն նահանգի վարչական կենտրոնի տարածքը: Ձեռք բերված համաձայնությամբ, ռադարների տեղակայման վայրում ներկայացվելու է թուրքական զինվորական անձնակազմ` գեներալի հրամանատարության ներքո:
Ռադիոլոկացիոն կայանի տվյալները հայտնի են լինելու թուրքական իշխանություններին: Թուրքիային տեղեկացնելու են նաեւ, թե որ երկրի հետ եւ ինչ չափով է տեղի ունենելու տեղեկության փոխանակումը: Սեպտեմբերի 6-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ հակահրթիռային պաշտպանության համակարգերը, որոնք նախատեսվում է տեղադրել Թուրքիայում, ուղղված են միայն նրանց դեմ, ովքեր վտանգ են ներկայացնում ՆԱՏՕ-ի տարածքի համար: Իր հերթին, Իրանի պաշտանության նախարար Ահմադ Վահիդը, քննադատելով Թուրքիային իր տարածքում ռադարներ տեղադրելու համար, հայտարարել է, որ երկիրը թույլ չի տա իր ազգային շահերի հանդեպ ագրեսիայի դրսեւորում:




























