Թուրքիան «Ղուրանին հարգանքի տուրք» կմատուցի Ստոկհոլմում նրա այրման վայրում՝ Թուրքիայի դեսպանության շենքի դիմաց։ Այս մասին տեղեկացրել է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Կրոնի գործերի վարչության ղեկավար Ալի Էրբաշին։

Նա նշել է, որ ակցիայի մասնակիցներն այդ կերպ հարգանքի տուրք կմատուցեն Ղուրանին՝ ուլտրաաջ արմատականների կողմից այն անարգելուց հետո։

Սուրբ գրքի այրման ակցիան տեղի էր ունեցել հունվարի 21-ին Ստոկհոլմում։ Այն համաձայնեցված էր տեղի իշխանությունների հետ եւ տեղի է ունեցել Թուրքիայի դեսպանության առջեւ, ոստիկանության հսկողության ներքո։ Իր ելույթում դանիական «Կոշտ գիծ» ուլտրաաջ կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանը, ցուցադրելով Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը, քննադատել է ՆԱՏՕ-ին, Թուրքիային եւ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։