Իրանը պատասխան պատժամիջոցներ կսահմանի Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի դեմ։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։  

«Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի գործողությունները ժամանակակից Իրանի իրողությունները պատշաճ կերպով հասկանալու նրանց մտավոր անկարողության, ինչպես նաեւ մեր երկրում իշխանության նկատմամբ նրանց շփոթության նշան են։ Շուտով Իրանը կհայտարարի Եվրամիությունում եւ Անգլիայում մարդու իրավունքները խախտողների եւ ահաբեկչություն քարոզողների դեմ նոր պատժամիջոցների ցուցակը»,-ասել է Քանանին։    

Նախօրեին ԵՄ-ն հրապարակել է Իրանի դեմ անհատական պատժամիջոցների նոր փաթեթ, ներառյալ 18 ֆիզիկական անձանց եւ 19 կազմակերպությունների դեմ։  

Մասնավորապես, պատժամիջոցների ցանկում է Իրանի սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Համիդ Սաջադին։ Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաեւ նախկին եւ գործող տարածաշրջանային ղեկավարներ, պատգամավորներ, ԶԼՄ-ների ղեկավարներ եւ ուժայիններ։ Կազմակերպությունների թվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածաշրջանային ստորաբաժանումները, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումները։

Եվրախորհրդարանը հունվարի 18-ին հավանություն է տվել բանաձեւին, որով կոչ է արվում ԵՄ ղեկավարությանը ԻՀՊԿ-ն ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: