Թուրքիայի հետ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի բանակցությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ դադարի կարիք ունեն, ասել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոն։
Շաբաթ օրը դանիական ուլտրաաջ «Կոշտ գիծ» կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանն այրել էր Ղուրանը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանության առջեւ՝ նախապես ստանալով շվեդական իշխանությունների թույլտվությունը ակցիա կազմակերպելու համար։ Այդ գործողությունները դատապարտել են շատ երկրներ։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Շվեդիայում Ղուրանն այրելուց հետո չարժե թուրքական աջակցության հույս ունենալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտին հավանություն տալու առումով։
«Բանակցություններում անհրաժեշտ է դադար տալ։ Ավելի լավ է շարունակել այն բանից հետո, երբ մթնոլորտը հանդարտվի»,- Հաավիստոյի խոսքերը մեջբերել է թուրքական NTV հեռուստաալիքը։
Ֆինլանդիան եւ Շվեդիան 2022թ. մայիսին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համատեղ հայտ էին ներկայացրել, որը վավերացրել է 28 երկիր 30-ից, չեն վավերացրել Հունգարիան եւ Թուրքիան։




























