Երեւանի դպրոցների աշխատանքի ուսուցման կաբինետ-լաբորատորիաները  էլեկտրական աշխատանքային գործիքներով եւ սարքավորումներով համալրելու ծրագրին առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ ՌԴ-ում ու ԱՊՀ երկրներում գերմանական Bosch ընկերության էլեկտրասարքավորումների վաճառքի գծով տարածաշրջանային տնօրեն Լուտց Մարշալի հանդիպման ընթացքում: 

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Լուտց Մարշալն ընկերության անունից Երեւանում նմանատիպ, սակայն ավելի ընդգրկուն ծրագրի իրականացման պատրաստակամություն է հայտնել, հավելելով, որ համապատասխան աշխատանքային գործիքներով ու սարքավորումներով դպրոցները համալրելուց զատ` ընկերությունը պատրաստ է նաեւ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ կազմակերպել:Կարեն Կարապետյանը հյուրերին ներկայացրել է կրթության ոլորտում Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերը, շեշտելով դպրոցականների դաստիարակության գործում աշխատանքային հմտությունների զարգացման կարեւորությունն ու անհրաժեշտությունը: «Մենք պատրաստ ենք համագործակցության, առավել եւս, եթե այդ համագործակցությունը օգուտ է  բերելու երեխաներին»,– նշել է Երեւանի քաղաքապետը:

Կարեն Կարապետյանը հյուրերին  նաեւ ներկայացրել է քաղաքային տնտեսության այն ոլորտները, որոնք գործարար հետաքրքրություն կարող են ներկայացնել ընկերության համար:

Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, հնարավոր այլ ոլորտներում համագործակցության հարցեր քննարկելու նպատակով ընկերության ներկայացուցիչներն առաջիկայում կրկին կայցելեն քաղաքապետարան: