WikiLeaks կայքի կողմից հրապարակված փաստաթղթերից մեկը, մանրամասն ներկայացնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Մամեդյարովի` ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզայի հետ ունեցած հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Ղարաբաղի հարցը:
Խոսելով Թուրքիայի մասին` Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման կոնտեքստում, Ալիեւը Անկարային համարել է «ստախոս եւ դավաճան»: Նա նշել է, որ այն փաստը, որ Ադրբեջանը հանգիստ աջակցել է «ֆուտբոլային դիվանագիտությանը», սակայն չէր պատկերացնում, որ Թուրքիան «կխաբի իրենց»` չկապելով Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը ԼՂ խնդրում առաջընթացի հետ:
Անդրադառնալով Գյուլի խոստմանը` այդ երկու գործընթացներն իրար կապելու մասին, Ալիեւն ասել է. «Նա ստեց: Ես այլեւս նրան չեմ հավատում»: Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն չի կարող այլեւս լուռ դիտորդի դիրք բռնել, նշվում է Բաքվում ԱՄՆ դեսպան Էնն Դերսի կողմից ԱՄՆ պետքարտուղարության ուղղված գաղտնի նամակում, որը թվագրված է 2009-ի ապրիլի 7-ին:
Նրա խոսքով, լռությունը բարեկամության նշան է, բայց թուրքերը արժանի չեն նման վերաբերմունքի: «Մեր միջեւ եղած հարաբերությունները էլ նույնը չեն լինի: Մենք նույն ժողովուրդը չենք եւ երբեք չենք լինի: Մեր հարաբերությունները կփչանան բոլոր հարցերում. անվտանգություն, տնտեսություն, էներգետիկա»,- Ալիեւի խոսքերն է մեջբերել ԱՄՆ դեսպանը:
Ադրբեջանի առաջնորդը խոստովանել է, որ «ինքն իրեն դավաճանված է զգում Գյուլի եւ Էրդողանի կողմից»:
Փաստաթղթում նշվում է նաեւ, որ հանդիպման ժամանակ Բրայզան համոզում էր Ալիեւին այցելել Ստամբուլ, սակայն Ադրբեջանի նախագահը պնդել է, որ իր այցը կնշանակի, որ «լուռ համաձայնում է» թուրքերի կատարած բոլոր քայլերին:



























