ԱՊՀ իրավապահ մարմինները պետք է վերահսկեն սոցիալական ցանցերը: Սեպտեմբերի 14-ին Մինսկում ԱՊՀ համակարգող խորհրդի նիստին

այս հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկան: Դատախազի խոսքով` դա անհրաժեշտ է անել, որպեսզի կանխեն Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում անկարգությունները, ինչպիսին այս ամառ տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում. «Դուք տեսե՞լ եք, թե ինչ է տեղի ունեցել Լոնդոնում: Իմ կարծիքով` հարցն ակնհայտ է, այդ գործունեության նկատմամբ մոնիտորինգ պետք է լինի, եւ ես կարծում եմ, որ դա կլինի ողջամիտ, եթե պաշտպանվեն քաղաքացիների ազատությունները»,- ասել է Չայկան` նիստի արդյունքների վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ` ի պատասխան լրագրողների հարցերին: Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱՊԿ-ի աղբյուրը «Իզվեստիա» թերթին պատմել է, որ ՀԱՊԿ-ն կզբաղվի սոցիալական ցանցերում «կարգուկանոնի վերահսկմամբ», որպեսզի թույլ չտա զանգվածային անկարգությունների կրկնություն, ինչպիսիք եղան Եգիպտոսում եւ Թունիսում: Նրա խոսքով, սակայն, «խոսքը չի գնում գրաքննության մասին»:

Աղբյուրը նշել է, որ այդ խնդրով արդեն զբաղվում են «բարձր մակարդակի փորձագետները»: «Բանն այն է, որ ժամանակակից պայմաններում գոյություն ունի ենթակառուցվածք, որը թույլ է տալիս ապակայունացնել իրավիճակը ցանկացած, նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրում: Այդպիսի նպատակի համար կարող են օգտագործվել բջջային կապը, սոցիալական ցանցերը, անհրաժեշտության դեպքում նաեւ հասարակական կազմակերպությունները»,- ասել է աղբյուրը: 1992-ին ստեղծված ՀԱՊԿ-ի անդամ-երկրներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանն ու Ղրղըզստանը: