Երեւանի Ավան վարչական շրջանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում օգոստոսի 15-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրգործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահ, «Եզդի Աշոտ» մականունով հայտնի Աշոտ Սնջոյանին:
Սնջոյանը մեղադրվում է Քր.օր.-ի օրենսգրքի 120-րդ հոդվածի 2-րդ մասի (Անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով:
Վերջինս օգոստոսի 26-ին գործում ներգրավվել էր որպես կասկածյալ, իսկ մեղադրանքն առաջադրվել է միայն դեպքից 20 օր անց` սեպտեմբերի 5-ին: Սնջոյանին չեն կալանավորել, նրա նկատմամբ փախանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելու ստորագրությունը:
Հիշեցնենք, որ Ավանի «Հարսնաքար» ռեստորանում միջադեպը տեղի էր ունեցել օգոստոսի 15-ին: Հարսանեկան արարողության ժամանակ վեճ էր ծագել հյուրերի եւ հաստատության աշխատակցի միջեւ: Արդյունքում հրազենային վնասվածքներ էին ստացել 33-ամյա Նորայր Աթոյանն ու 25-ամյա Վերսանդ Մկրտչյանը: Նորայր Աթոյանը, ըստ մամուլի հրապարակումների, եղել է ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանի թիկնապահը: Երկու վիրավորներն էլ արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:




























