Ստրասբուրգում, այսօր` սեպտեմբերի 14-ին, մեկնարկել է «Եվրանեսթի» առաջին լիագումար նիստը:

Ավելի վաղ «Եվրանեսթում» քաղաքական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ «Եվրանեսթում» բավական խնդիրներ կան, եւ հայաստանյան պատվիրակությունը ակտիվորեն պատրաստվում է նիստին:

«Սա առաջին լիագումար նիստն է: Հունիսին տեղի է ունեցել պաշտոնական բացումը, բայց առաջին աշխատանքային նիստը կայանալու է սեպտեմբերի 14-15-ին: Ընդհանրապես Եվրանեսթը մեզ համար որքան կարեւոր, այնքան էլ բարդ հարթակ է, հաշվի առնելով, որ մեր արեւելյան գործընկերները, որոնք ներկայացված են Եվրանեսթում, միավորված են ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության մեջ, եւ արդեն ինքնին հասկանալի է, որ Ադրբեջանը փորձելու է օգտագործել ՎՈՒԱՄ-ի հնարավորությունները Եվրանեսթում ընդդեմ Հայաստանի»,- նշել էր պատգամավորը:

Վերջինիս խոսքով, պատվիրակությունն ամեն դեպքում պատրաստված է գնում: «Իհարկե նախագծեր կան, որոնց Ադրբեջանն իր առաջարկներն է ներկայացրել, Հայաստանը` իր, եւ տեսնենք, թե ինչ ընթացք կունենան քննարկումներն ու քվեարկությունները»,- նշել է Զոհրաբյանը:

Հարցին, թե մտավախություն չունի՞, որ Ադրբեջանը կփորձի ձախողել հայկական կողմի նախաձեռնությունները,  Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ այդ մտավախությունը միշտ էլ կա եւ հիշեցրեց, որ Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ առաջարկվել էր, որ Եվրանեսթի գոնե հանձնաժողովների նիստերից մեկը Հայաստանում արվեր: «Սակայն Ադրբեջանը հիստերիկ աղմուկ բարձրացրեց, նամակներով ողողեց Եվրախորհրդարանի բոլոր բարձրագույն ատյանները, այնպես որ իրենք փորձելու են բոլոր միջազգային կառույցներում, այնպես էլ Եվրանեսթում անընդհատ թյուրիմացության մեջ գցել իրենց մշտական երգերով` 20 տոկոս գրավյալ տարածքների, մեկ միլիոն փախստականների մասին»,- ասել է նա:

Ըստ պատգամավորի, խնդրահարույց է եւ այն, որ Բելառուսի մասնակցությունը կասեցված է` այնտեղ ժողովրդավարության վատթար վիճակի պատճառաբանությամբ, իսկ «մյուս մեր գործընկերները ՎՈՒԱՄ անդամներ են եւ այս փաստը որոշակի խնդիրներ առաջացնելու է Հայաստանի համար Եվրանեսթի ֆորմատում»: