Հայաստանում 3-րդ աստիճանի վթարային շենքերի վերանորոգման համար անհրաժեշտ է 110 մլրդ դրամ: Այս մասին հայտարարել է Հայաստանի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը` ելույթ ունենալով Հայաստանի Ազգային ժողովում: Ներկայումս երկրում հաշվարկված է մոտ 21,6 հազար բազմաբնակարան շենքեր, որոնցից 3-րդ աստիճանի վթարային է 400-ը:
«Այսպիսի միջոցներ մենք այժմ չունենք: Առաջիկա տարիներին տրամադրել նման միանվագ գումար նույնպես հնարավոր չէ»,- ասել է Վ. Վարդանյանը:
Հիշեցնենք, որ քաղաքաշինության նախարարության բյուջեն 2011թ կազմել է 35,7 մլրդ դրամ:
Դրանից բացի, հանրապետությունում հաշվարկված է 996 սեփական տուն, որոնք բնական եւ տեխենածին աղետների արդյունքում, ինչպես նաեւ պատերազմի տարիների ռմբակոծությունների հետեւանքով այժմ գտնվում են 4-5-րդ աստիճանի վթարայնության վիճակում: Այս տների վերանորոգման համար պետք է հատկացվի 6 մլրդ դրամ:




























