Մենք մեր քրտինքով ու արյամբ ենք կերտել, պաշտպանել ու կայացրել ազատ եւ անկախ Հայաստանը, որը ոչ միայն երեք միլիոն հայաստանցիների, այեւ միլիոնավոր աշխարհասփյուռ հայերի հայրենիքն է: Այս մասին այսօր` սեպտեմբերի 14-ին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Սարդարապատում Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ:

«Գալիք սերունդներին մենք թողնելու ենք ամուր պետականության հիմքեր ու ժողովրդավարության հիմնասյուներ: Թողնելու ենք անվտանգության պարիսպներ՝ հայոց բանակն ու արդեն կայացած քաղաքացիական հասարակության կենսունակ տնկիներ: Թողնելու ենք նաեւ իրավական պետություն-տանիք:

Հայոց պատմության համար այս նշանակալի օրն ուզում եմ կարեւորել հենց իրավական պետության կայացումը:

Օտարի կամքով շարադրված ու հաճախ մեր կամքին հակառակ մեզ պարտադրված օրենքներով է ապրել մեր ժողովուրդը տասնյակ ու հարյուրավոր տարիներ:

Դարեր, երբ օրենքն օտարինն էր: Երբ օտար էր ինքը՝ օրենքը: Կամ երբ օրենքը ինքը` օտարն էր»,- հայտարարել է ՀՀ նախագահը:

«Այժմ, երբ մեր պետությունն իր կյանքի գարնանը բոլորում է իր քսաներորդ անկախ աշունը, ուզում եմ արձանագրել մի աննախադեպ ու անձեռակերտ նվաճում:

Այդ նվաճումը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է:

Հայաստանցին, ով ոչ միայն վայելում է սեփական օրենքներով ապրելու իրավունքը, այլ հենց ինքն էլ ստեղծում ու ընդունում է այդ օրենքները, գծում իր իրավունքի սահմանները:

Եվ իհարկե, անհրաժեշտության դեպքում, ինքնիշխան ժողովրդի իրավունքով պարտադրում է իր կամքն ու իր օրենքները նրանց, ում համար մեր երկրի օրենքները դեռեւս օտար են:

Պարտադրում է իր իսկ ստեղծած ու իր կողմից վերահսկվող օրենքի պահապանների միջոցով: Այն պահապանների, ում լիազորում ու հարկադրելու իրավունք է վերապահում սեփական հայեցողությամբ:  Պահապանների, ումից առաջինն է պահանջում օրինապահություն ու ծառայողական կարգապահություն: