«Այսօր` համայն հայության հայրենիքում աշխարհասփյուռ մեր յուրաքանչյուր հայրենակցի մենք ասում ենք. «Հայաստանը նաեւ դո՛ւ ես». դու վաստակել ես այդ իրավունքը ո՛չ միայն քո արյամբ, այլեւ Հայաստանի նկատմամբ ունեցած քո սիրո, նվիրումի եւ պատասխանատվության զգացումով: Այս մասին այսօր` սեպտեմբերի 14-ին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Սարդարապատում Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ:
«Հայաստանը նաեւ դո՛ւ ես, երբ Սիրիայում մեսրոպյան այբուբենն ես հնչեցնում, երբ Ֆրանսիայում ցույցի ես ելնում, երբ Ամերիկայից գալիս ես Արցախին պաշտպան կանգնելու, երբ Ռուսաստանի հեռավոր քաղաքում հայկական կիրակնօրյա դպրոց ես բացում:
Հայաստանը դո՛ւ ես, երբ հայրենադարձվում ես եւ հպարտանում, որ քո զավակները Երեւանի բակերում խաղում են որպես տանտեր եւ Հայաստանի քաղաքացի են այսօր ու մեկընդմիշտ:
Աշխարհում շատերը հայի եւ Հայաստանի մասին պատկերացումը ձեւավորում կամ ամբողջացնում են` նկատի ունենալով անձամբ քո նկարագիրը, ճանաչելով քեզ. ուրեմն Հայաստանը նաեւ դո՛ւ ես: Ներկա աշխարհում Հայաստանի քաղաքական կշիռը բոլորովին այլ կլիներ առանց Սփյուռքի առկայության. ուրեմն` դու հայրենիքի քաղաքական կշռի անփոխարինելի բաղկացուցիչն ես»,- ասել է ՀՀ նախագահը:
Նրա խոսքով, անկախության ամեն տարեդարձ բերում է նոր ձեռքբերումներ ու նոր հաղթանակներ, նոր հոգսեր ու նոր անելիքներ:
«Եվ իսկապես հրաշք կլիներ, եթե ճակատագիրը գեթ մեկ ակնթարթ հնարավորություն տար բարձրացնել ժամանակի անթափանց վարագույրն ու աչքի ծայրով տեսնել փառահեղ իրադարձության 100-րդ տոնակատարության հերոսին՝ ապագայի հայաստանցուն: Իր հողին հպարտ կանգնած ձեր ու իմ ժառանգին:
Եվ, ինչպես Դյուման էր ասում, քանի դեռ Աստված փակ է պահում ապագայի վարագույրը, գալիք հազարամյակների վստահ սպասումով մենք բարձրաձայնում ենք.
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ անկախ երկրի ազատ քաղաքացին»,- իր խոսքն է ամփոփել Սերժ Սարգսյանը:



























