ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիան պատրաստ է վաճառել «ՄՏՍ» ընկերության բաժետոմսերի վերահսկիչ փաթեթը։ Այս մասին գրում է RBK daily-ին։ Հեռահաղորդակցության ոլորտի մի քանի աղբյուրներ, պարբերականին հաղորդել են, որ կորպորացիան բանակցություններ է վարել ֆրանսիական հեռահաղորդակցական խմբի՝ France Telecom-ի հետ՝ «ՄՏՍ»-ի բաժնետոմսերի վաճառքի շուրջ։ Նշենք, որ ԱՖԿ «Սիստեմա»-ին են պատկանում «ՄՏՍ» ընկերության բաժնետոմսերի 52,8 տոկոսը: Աղբյուրի համաձայն՝ ներկայումս քննարկման փուլում է գտնվում «ՄՏՍ»-ի վերահսկիչ փաթեթի վաճառքի կամ միջազգային խոշոր օպերատորներից մեկի հետ միաձուլման հարցը:
ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիայի ղեկավարը սեպտեմբերի 14-ին, սակայն պարբերականին հայտնել է, որ կորպորացիան France Telecom-ից օֆերտա չի ստացել, իսկ ավելի մանրամասն մեկնաբանելուց նա հրաժարվել է։ Ֆրանսիական հեռահաղորդակցական խմբին ուղարկված հարցումը դեռեւս անպատասխան է մնացել։
Նշենք, որ 4 տարի առաջ ԱՖԿ-ի այդ ժամանակվա տնօրեն Ալեքսանդր Գոնչարուկը հերքել էր օպերատորի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի վաճառքի ցանկացած հնարավորություն, ասելով, որ այն իր ղեկավարած կորպորացիայի հիմնական ակտիվն է։
Նշենք, որ հեռահաղորդակցության ոլորտում գործող երկու ընկերություններն էլ գործում են Հայաստանում։ France Telecom խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի եւ ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջին ներցանցային զանգն իրականացվել է 2005 թ. հուլիսի 1-ին։




























