Հայաստանի համար կարեւոր է Գերմանիայի հետ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը: Այս մասին Երեւանում, այսօր` սեպտեմբերի 15-ին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Գերմանիայի Բունդեսթագի «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել է, որ մեծապես կարեւորում է խմբի այսպիսի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան՝ որպես երկու երկրների միջեւ փոխճանաչողության բարձրացմանն ու փոխվստահության խորացմանն ուղղված քայլ: Նախագահը բարձր է գնահատել տարբեր մակարդակի փոխայցելությունները, Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված երկկողմ ջանքերը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ համագործակցության եւ տարբեր ոլորտներում Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար:
Զրուցակիցները կարեւորել են նաեւ միջխորհրդարանական համագործակցության դերը երկու երկրների միջեւ հարաբերությունների սերտացման գործում:




























