«Նորսկ էներջի» ընկերությունը, Նորվեգիայի ԱԳՆ-ի աջակցությամբ Հայաստանում փոքր հիդրոէներգետիկայի զարգացման եռամյա ծրագիր կիրականացնի:

Այս մասին նշվել է այսօր` սեպտեմբերի 15-ին, Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի` նորվեգական «Նորսկ էներջի» ընկերության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ եռամյա ծրագիրը ոլորտի զարգացումը դիտարկում է բնապահպանական կայունության եւ էներգետիկ անվտանգության տեսանկյունից:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ` Հայաստանում ոլորտին վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործման եւ նոր չափորոշիչների ներդրման խնդիրների ուսումնասիրման նպատակով:  Ծրագիրը ներառում է նաեւ կրթական բաղադրիչ. նորվեգական ու հայաստանյան բուհերի համագործակցությամբ նախատեսվում է իրականացնել ոլորտի մասնագետների պատրաստման ծրագիր, ինչպես նաեւ ստեղծել կենտրոն, որտեղ հնարավոր կլինի մասնագետների վերապատրաստում իրականացնել:

Փոխվարչապետը ողջունել է նախաձեռնությունը` նշելով, որ փոքր   հիդրոէներգետիկայի զարգացման եւ էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացման խնդիրները կառավարության գերակայություններից են: ՀՀ կառավարության նախորդ նիստում հաստատվել է ՀՀ «Հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագիրը», որտեղ ամրագրվել են  ոլորտի զարգացման ուղղությամբ կառավարության նպատակները, եւ այս համատեքստում իրականացվելիք ծրագիրն ու ոլորտում նորվեգական հարուստ փորձի ուսումնասիրումը օգտակար կլինեն:

Աշխատանքային խմբում նա առաջարկել է ընդգրկել շահագրգիռ գերատեսչությունների, ինչպես նաեւ ՀԿ-ների ներկայացուցիչներին:

Ա. Գեւորգյանը նաեւ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել ծրագրի իրականացմանը: