Լեռնային Ղարաբաղի տարածքում խփված անօդաչու թռչող սարքն ադրբեջանական արտադրության չի եղել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանը:
«Այդ տեխնիկական խնդիրները երկրորդական են, որովհետեւ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ գնում է այդպիսի սարքեր տարբեր երկրներից, այդ թվում` Իսրայելից: Կարեւորն այն է, որ այդ սարքավորումը նրանք օգտագործել են մեր դեմ եւ այդ սարքավորումներից առնվազն մեկը չեզոքացվել է»,- նշեց նա:
Վերջինս նաեւ չի կարծում, թե ադրբեջանական կողմի համար մեծ անակնկալ էր անօդաչու թռչող սարքի ոչնչացումը հայկական ստորաբաժանումների կողմից: «Նրանք ուղղակի վերջերս ավելի շատ էին հպարտանում իրենց տեխնիկական հագեցվածությամբ, իսկ հայկական կողմը չի սիրում ցույց տալ կամ ամպագոռգոռ հայտարարություններ անել իր ռազմական ուժի մասին: Մենք պրակտիկայում ցույց տվեցինք, որ մենակ խոսելով, չէ, որ բանակը հզորանում է:
Մենք իհարկե կողմնակից ենք խաղաղ կարգավորման, որովհետեւ ոչ թե վախենում ենք պատերազմից, այլ գիտենք, թե ինչ բան է պատերազմը, ինչը չի նշանակում, որ մենք պատրաստ չենք ցանկացած պահի դիմակայել եւ ուժգին հակահարված տալ, այնպիսի հակահարված, որ թշնամին ուղղակի այլեւս չուզենա իր ագրեսիվ կեցվածքով հանդես գալ»,- նշել է Բաբայանը:
Վերջինիս խոսքով, սա նաեւ լուրջ ահազանգ էր միջազգային հանրության համար, որ զինադադարի ռեժիմի խախտումները տեղի չեն ունենում հասարակ զենքերի խախտմամբ, դիպուկահարների կրակոցներով, այլ օգտագործում են այդպիսի զինատեսակներ, ինչը, իհարկե, որակապես նոր առաջադրանք է դնում ԵԱՀԿ միջնորդական առաքելության վրա:
«Կարծում եմ` զինադադարի ռեժիմի խախտումները տեղի են ունենում նաեւ քաղաքական եւ գաղափարախոսական շերտում, այն է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պարբերաբար հանդես է գալիս նացիստական հայտարարություններով, իսկ դա բերում է նրան, որ նման զինատեսակներ են օգտագործում, եւ այդպիսի սարքավորումներով օդային տարածքներ են խախտում: Պետք է ավելի լուրջ վերաբերվել եւ ագրեսորին իր տեղը ցույց տալ իրավական դաշտում»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, սեպտեմբերի 12-ին ժամը 7.30-ի սահմանում ԼՂՀ ՊԲ ՀՕՊ եւ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք: Խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն:




























