2008-ի մարտի 1-ի 10 զոհերի հարազատներին զայրացրել է այն փաստը, որ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Աքսել Ֆիշերի պատրաստած` «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» զեկույցի նախագծի 11-րդ կետում ԵԽԽՎ-ին առաջարկ է արվում հայտարարել, որ «2008 թվականի մարտյան իրադարձությունների էջը կարող է ի վերջո  փակված համարվել»: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Զոհերի հարազատները պահանջում են, որ «հրաման տվողները, մեղավորները պատժվեն»:

Այսօր` սեպտեմբերի 15-ին, ԵԽ հայաստանյան գրասենյակի առջեւ պաստառները պարզած կանգնելուց որոշ ժամանակ անց նրանց են մոտեցել գրասենյակի աշխատողները` հայտնելով, որ գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեն պատրաստ է լսել իրենց:

Զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Խաչատրյանը, նամակ է պատրաստել` հասցեագրված ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի նախագահին, համազեկուցողներին, Մոնիթորինգի հանձնաժողովի անդամներին: Նամակը ստորագրելուց հետո նրանք այն ներկայացրել են  Զեհեին: Մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո Ալլա Խաչատրյանը հայտնել է, որ ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակի ղեկավարն իրենց բացատրել է, թե այդ նախադասությունն ամենեւին չի նշանակում, որ մարտի 1-ի էջը կփակվի առանց մեղավորներին բացահայտելու:

«Մեր նամակները մենք եւ հայերեն, եւ անգլերեն ներկայացրեցինք: Նա ասաց, որ կփոխանցի: Պլյուս դրան` իր կողմից նշումներ կատարեց այդ մտահոգությունների վերաբերյալ: Դա մի քիչ մեր իշխանություններին հնարավորություն է տալիս իրականում էջը փակելու: Եթե իրենք ասում են, որ` մենք այդպիսի նպատակ չունենք, ուրեմն պետք է ինչ-որ ձեւով փոխեն այդ արտահայտությունը», - հավելել է Խաչատրյանը:

Զեհեն խոստացել է նամակն ուղարկել հանձնաժողով, ինչպես նաեւ եւս մի նամակով արտահայտել իր մտահոգությունը զոհերի հարազատների բարձրացրած հարցի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» զեկույցի նախագիծը հրապարակվել է սեպտեմբերի 8-ին եւ առաջիկայում ընդունման է ներկայացվելու ԵԽԽՎ-ի կողմից: