2011-ի առաջին 8 ամիսներին բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձինք ոչ առեւտրային նպատակներով Հայաստան են փոխանցել 772 մլն դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տրանսֆերներն ավելացել են մոտ 25 տոկոսով: Տրանսֆերների աճը հիմնականում տեղի է ունեցել Ռուսաստանից կատարվող փոխանցումների հաշվին: Այսպես` 2010 թվականի  յոթ ամսում Ռուսաստանից փոխանցվել էր 494 մլն դոլար, այս տարի նույն ժամանակահատվածում`632 մլն դոլար: Բանկային ոլորտի ներկայացուցիչների խոսքով, տրանսֆերների աճը Հայաստանում ավելի շատ սեզոնային բնույթ է կրում: Վիճակագրության համաձայն տրանսֆերների աճ հիմնականում տեղի է ունենում օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են հատկապես Ռուսաստանից եւ Միացյալ նահանգներից փոխանցվող դրամական միջոցները: Հայաստան մտնող տրանսֆերների հիմնական աղբյուր շարունակում է մնալ  Ռուսաստանը, որին բաժին է ընկնում ընդհանուր արտաքին մասնավոր փոխանցումների 80 տոկոսը:

Տրանսֆերների աճը մեկնաբանվում է նաեւ այն հանգամանքով, որ արտագնա աշխատանքի մեկնողները հիմնականում Հայաստան գումար ուղարկում են այս ժամանակաշրջանում: Հատկանշական է, որ ընթացիկ տարում զգալիորեն ավելացել են նաեւ Թուրքիայից փոխանցվող դրամական միջոցները: Հայաստանից այդ երկիր գնացողների թիվը եւս ավելացել է: Մեծ թիվ են կազմում նաեւ Արաբական միացյալ Էմիրություններ մեկնող կանայք: Տրանսֆերների աճ, մասնագետները ակնկալում են նաեւ ձմռան ամիսներին:

Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակարգող Ալվարդ Մինասյանի խոսքով՝ վերլուծությունները ցույց են տալիս, որ 2011 թվականին 8 ամիսների ընթացքում Հայաստանն ավելի շատ մարդ է լքել, քան ամբողջ 2010 թվականին: Հիմա մեկնում են նաեւ երիտասարդներն ու բազմանդամ ընտանիքները: