«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է արտաքին կապուղիների ընդլայնման մասին` Level 3 Communications, Inc. առաջին մակարդակի մատակարար պրովայդերի մայրուղային ցանցին միանալու միջոցով: «ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արտաքին մայրուղին անցնում է հյուսիսային ուղղությամբ` Վրաստանի տարածքով: 10 Գբ/վ թողունակությամբ նոր կապուղին միանում է Level 3 Communications օպերատորի ցանցին Ֆրանկֆուրտում: 

Նշենք, որ 2010թ. «ԱրմենՏել» -ը դարձել է Հայաստանում հեռահաղորդակցության  ծառայություններ մատուցող առաջին օպերատոր, որը միացել է Եվրոպական մայրուղային ինտերնետ ցանցին (backbone) «Caucasus Cable System»-ի մալուխային համակարգի միջոցով: Ընկերության մայրուղային կապուղիներն անցնում են Վրաստանի և Իրանի տարածքով: Level 3 Communications-ը` առաջին մակարդակի (Tier 1) միջազգային խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից է: Ընկերությունը շահագործում է տվյալների փոխանցման մայրուղային կապուղիների աշխարհում ամենամեծ  ցանցերից մեկը, որի երկարությունը գերազանցում է 85 հազար կմ: Ընկերության ցանցն ընդգրկում է ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի մեծ մասը: Օպերատորին է պատկանում նաև Ատլանտիկ օվկիանոսով անցնող տվյալների փոխանցման 100 Գբ/վ թողունակությամբ մայրուղիները: