Հայաստանից ԱՄՆ ներգաղթած Սարգիս Թադեւոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել անձնական տվյալների գողության մեջ: Նա եւ իր երկու հանցակիցները  մեղադրվում են նաեւ Medicare բժշկական ապահովագրության հիմնադրամից միջոցների յուրացման մեջ: Նրանք Չառլսթոն քաղաքում ընկերություն էին հիմնել, որի միջոցով կողոպտել էին հիմնադրամը: Երեքին էլ նոր մեղադրանքներ է առաջադրվել, գրում է «The Charleston Gazette»-ը:

Թադեւոսյանը, Իգոր Չեւչուկի եւ Արսեն Բեջանյանի հետ, առեւանգել է մի քանի անձանց անուններն ու սոցքարտերի տվյալները: Նա նաեւ օգտագործել է Կլիմ Բայկով անունը բանկային գործառնություններ կատարելու համար: Երեքին էլ ձերբակալել են մայիսին: Քննիչները կարծում են, որ հիվանդանոցը, որը նրանք ղեկավարում էին, գոյություն է ունեցել միայն թղթի վրա: