Հայաստանի հանրապետական կուսակցությունը բաց է երկխոսության համար` յուրաքանչյուր քաղաքական շերտի հետ: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Մեկնաբանելով ՀԱԿ-ի հետ երկխոսության ժամանակավոր դադարը, նա նշել է, որ ողջ երկրի ապագան պետք չէ կախման մեջ դնել քաղաքական ուժերի երկխոսությունից: «Մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման: Պատրաստ ենք երկխոսություն վարել, պատրաստ ենք` չվարել: Բայց անկախ այդ երկխոսության արդյունքից, երկիրը կապրի այնպես, ինչպես ապրել է»,- ասել է իշխող կուսակցության փոխնախագահը:
Նրա խոսքով, ՀՀԿ-ն չի ձգտում քաղաքական դաշտում կոնֆլիկտների ստեղծման, առավել եւս սրման: «Մենք սրեր ճոճելու կարիք չունենք, հատկապես, որ մյուսները սրեր էլ չունեն»,- ասել է Սահակյանը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի կողմից հնչող հայտարարություններին, որ եթե մի քանի օրից ազատ չարձակվի ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, Կոնգրեսն իշխանությունների հետ «այլ լեզվով կխոսի», Գալուստ Սահակյանը հայտարարել է. «Այժմ 1991 թվականը չէ եւ կարիք չկա պատկերացնել, որ մի քանի օրում կայծակնային իրադարձություններ տեղի կունենան»:
Անդրադառնալով փաստին, որ խորհրդարանի նիստերին սկսել է հաճառել ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը, որը նախորդ գարնանը որոշել էր առկախել իր մասնակցությունը ԱԺ նիստերին, Սահակյանն ասել է, որ նման միջոցն ամենաարդյունավետը չէ առաջադրված խնդիրների լուծմանը հասնելու համար: «Կարելի է դուրս գալ փողոց, հայտնվել մարդկանց աչքին, բայց կարելի է նաեւ աշխատել ընդունված ձեւաչափով: Եթե նրանք որոշել են վերադառնալ նիստերին, դա իրենց ընտրությունն է»:




























