Մերձավոր Արեւելքում դարակազմիկ իրադարձություններ են տեղի ունենում. Թուրքիան փորձում է դիրքերն ամրապնդել ոչ միայն այնտեղ, այլ ամբողջ մահմեդական աշխարհում։ Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կանխատեսում արեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Հազվադեպ է պատահում, որ իրադարձություններն այնքան արագ փոփոխվեն, ինչպես դա վերջերս պատահեց Մերձավոր Արեւելքում։ Թուրքիան այս փոփոխությունների արդյունքում փորձում է իր նոր տեղը գտնել. դա վերաբերում է եւ Սիրիային, եւ Իրաքին, եւ Եգիպտոսին, եւ Իրանին։ Արտաքինում մենք դա տեսնում ենք թուրք-իսրայելական զարգացող սկանդալի միջոցով։ Սակայն այդ հակամարտությունն ինքնանպատակ չէ եւ ուղղված է արաբական աշխարհին։ Արաբական, մահմեդական աշխարհում լուրջ դեր խաղալու համար Թուրքիան պետք է վատ հարաբերություններ ունենա Իսրայելի հետ։ Այս ամենն իր հերթին անդրադառնում է նաեւ Ադրբեջանի վրա, եւ Ադրբեջանն այս առիթով նյարդայնանում է, որովհետեւ ադրբեջանա-իսրայելական հարաբերություններն առանձին պատմություն են։ Իսրայելում ադրբեջանական լոբբի գոյություն ունի, եւ այն, որ թուրք-իսրայելական հարաբերությունները փչանում են եւ պետք է ինչ-որ բան անել Իսրայելի ադրբեջանցիների հետ, նյարդայնացնում է Ադրբեջանին։ Մի խոսքով, շատ բարդ խաղ է, որում Ադրբեջանը պետք է դառնա արձագանքող կողմ»,- ամփոփեց Իսկանդարյանը։




























