Հայաստանի անկախության 20-ամյակի եւ «Էրեբունի-Երեւան» տոնակատարությանն ընդառաջ, Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, գունավոր լուսարձակներով ձեւավորվել է հանրապետության գլխավոր հեռուստաաշտարակը: 

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեւավորման նախագծումն ու աշտարակի վրա լուսարձակների մոնտաժման աշխատանքներն իրականացվել է հայկական «Դոմոսվետ»    ընկերության կողմից: Հեռուստաաշտարակի բարձրադիր հատվածներում էլ լուսարձակների տեղադրման աշխատանքները կատարել են աշտարակը սպասարկող «Հանրային հեռուստառադիոցանց» ՓԲԸ-ի աշխատակիցները: Լուսարձակների տեղադրման աշխատանքներն իրականացվել են մեկ ամսում: Տեղադրվել է ընդհանուր առմամբ 320 LED գունավոր լուսարձակ, որոնք կարող են ապահովել մինչեւ 16 միլիոն գունային երանգ: Լուսարձակների ընդհանուր հզորությունը 19 ԿՎտ/ժամ է: