Երեւանի քաղաքապետարանում ամփոփվել են օգոստոս ամսին վարչական շրջանների գործառույթների գնահատման արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ընդհանուր վերլուծությունը, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման վարչության պետը քաղաքապետ Կարեն Կարապետյանին զեկուցել է, որ օգոստոսին նախորդ ամսվա համեմատ աճել են սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները:

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ աղբահանության մասով ընգծվել է, որ բոլոր վարչական շրջանները լավ արդյունք են արձանագրել:

Համեմատաբար ցածր է եղել Արաբկիրի ցուցանիշը: Համաձայնելով գնահատականի հետ, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ չնայած թերացումը պայմանավորված է պայմանագրային պարտավորություններով ծառայություններ մատուցող գործընկեր կազմակերպության վատ աշխատանքով, այդուամենայնիվ  վարչական շրջանի աշխատակազմը պետք է կանխատեսեր իրավիճակը եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկեր:

Անդրադառնալով  կանաչապատման ու բարեկարգման գործառույթներին, Երեւանի քաղաքապետը ընդգծել է, որ որոշ վարչական շրջաններում դրական տեղաշարժն ակնհայտ է, սակայն շատ տեղերում դեռեւս անելիքներ կան: Հիմք ընդունելով Երեւանի ավագանու համապատասխան որոշումը պարտադիր բարեկարգման կանոնների մասով, քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը առաջարկել է մասնավոր ընկերություններին ուղարկվող ծանուցումների, ինչպես նաեւ երկկողմ կնքված ու հաստատված հատակագիծ-սխեմայի  հիման վրա, պարտադիր բարեկարգման նորմերի կիրառումը դարձնել վարչական շրջանի ղեկավարի`բարեկարգման ոլորտում կատարված աշխատանքների ցուցանիշ:

Մեկ անգամ եւս շեշտելով սեպտեմբերի 17-ի համաքաղաքային շաբաթօրյակին կազմակերպված ձեւով մասնակցելու անհրաժեշտությունը, քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին եւ աշխատակազմի  պատասխանատուներին հանձնարարել է պատշաճ իրազեկել  գերատեսչություններին, կազմակերպություններին եւ բնակչությանը` գործընթացն առավել զանգվածային եւ հասցեագրված իրականացնելու համար: