Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` սեպտեմբերի 16-ին, Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ, կատարվել է ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդության դրոշի օրհնության արարողությունը:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ արարողությանը ներկա են եղել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանները, ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը, ՊՆ պաշտոնյաներ ու բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ ԶՈւ հոգեւոր սպասավորներ` գլխավորությամբ Հայոց Բանակի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի եւ ուխտավորներ:
Գարեգին Բ-ն իր խոսքում ասել է. «Այսօր այլեւս մեծ թվով հոգեւոր սպասավորներ իրենց ծառայությունն են բերում հայոց բանակում այն գիտակցությամբ, որ բանակը զորեղ է եւ հաղթական, եթե իր հոգում կրում է Աստծուն եւ իր ընթացքն առաջնորդում է Աստծով: Ահա թե ինչու այսօր նաեւ հայոց բանակի դրոշի վրա մենք կարդում ենք հետեւյալ արտահայտությունը` «Մեր ուղին օրհնյալ է, որովհետեւ Աստված մեզ հետ է»:
Այնուհետեւ կատարվել է Դրոշի օրհնության կանոնը: Այս նույն կանոնով է օրհնվել նաեւ ի պաշտպանություն հայրենյաց մարտնչող հայ կամավորական ջոկատների դրոշը 19-րդ դարասկզբին:
Նռնաքարերով ու մարգարիտներով զարդարված խաչով պսակված դրոշի մի երեսին խաչի ասեղնագործ պատկերն է` «ՀՀ, ԶՈՒ հոգեւոր առաջնորդություն» գրությամբ: Մյուս երեսին Զինված ուժերի զինանշանն է` «Օրհնյալ է մեր ուղին, զի Աստված ընդ մեզ է» գրությամբ:




























