ԱՊՀ մի շարք երկրներ, այդ թվում՝ Տաջիկստանը, Ուզբեկստանը, Բելառուսը, Հայաստանը եւ Ղրղըզստանը, կտրուկ ավելացրել են բանկային քարտերի թողարկման ծավալները ռուսական շուկայից Visa եւ MasterCard խոշոր վճարային համակարգերի հեռանալուց հետո: 2022 թվականին ամենամեծ աճը գրանցվել է Տաջիկստանում, որտեղ այդ ցուցանիշը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 46 տոկոսով, հաղորդում է РБК-ը՝ վկայակոչելով հետխորհրդային տարածքի պետությունների Կենտրոնական բանկերի վիճակագրական տվյալները:
Ընդ որում, Հայաստանի եւ Ղրղըզստանի համար շրջանառության մեջ գտնվող քարտերի թողարկման եւ ընդհանուր թվի վերաբերյալ տվյալները հասանելի են եղել 2022 թվականի առաջին ինն ամիսներին։ Ավելի երկար ժամանակահատվածում ցուցանիշը դեռ հասանելի չէ: Մյուս պետություններում տեղական Կենտրոնական բանկերի վիճակագրությունը թույլ է տվել հաշվարկներ կատարել նախորդ տարվա բոլոր 12 ամիսների համար, նշվում է հոդվածում։
«2022 թվականին Տաջիկստանում բանկային քարտերի թողարկման աճը կազմել է 45,46 տոկոս, Ղրղըզստանում՝ 37,37 տոկոս, Ուզբեկստանում՝ 26,16 տոկոս, Հայաստանում՝ 18,65 տոկոս, Բելառուսում՝ 14,91 տոկոս, Ղազախստանում՝ 8,35 տոկոս, Վրաստանում՝ 4,62 տոկոս։ 2022 թվականի արդյունքներով Ղազախստանում շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 42,91 մլն, Ուզբեկստանում՝ 34,2 մլն, Բելառուսում՝ 18,08 մլն, Վրաստանում՝ 6,21 մլն, Տաջիկստանում՝ 5,06 մլն, Հայաստանում՝ 2,15 մլն, Ղրղըզստանում՝ 1,89 մլն»,-ասված է նյութում։
DRT ընկերության ֆինանսական հաստատությունների հետ աշխատանքի խմբի ղեկավար Մաքսիմ Նալյուտինի խոսքով՝ 2022 թվականին ԱՊՀ մի շարք երկրներում թողարկված վճարային քարտերի թվի զգալի աճը մեծապես կապված է եղել ռուսական շուկայում իրավիճակի ազդեցության հետ։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները տեղափոխվել են հարեւան պետություններ՝ դրանով ավելացնելով քարտերի շրջանառությունը հարեւան երկրներում: Միեւնույն ժամանակ, ռուսները կարող էին ձեւակերպել Visa եւ MasterCard քարտեր հետխորհրդային տարածքում՝ միջազգային գնումների եւ ճանապարհորդությունների նպատակով վճարումներ կատարելու համար։




























