Արցախի hանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նստավայրում այսօր` սեպտեմբերի 16-ին, տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ եւ տարբեր բնագավառներում հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգեւատրված անձանց պարգեւների հանձնման հանդիսավոր արարողություն:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ տոնական միջոցառումների շարքում առանձնակի նշանակություն ունի մեր հանրապետության կայացման ու զորացման գործում նշանակալի ավանդ ունեցող մարդկանց նկատմամբ պետության կողմից համապատասխան վերաբերմունքի ցուցաբերումը` հավելելով, որ պարգեւատրվողներն Արցախում ճանաչված են բոլորի կողմից եւ այսօր էլ շարունակում են իրենց գործունեությամբ նպաստել մեր երկրի զարգացմանը:

Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Արա Հարությունյանը, Ազգային ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանից, Սփյուռքից եւ արտերկրից ժամանած հյուրեր: