Հայաստանը բոլոր հնարավոր քաղաքական, դիվանագիտական աշխատանքներով Լաչինի միջանցքի հարցը բարձրաձայնում է եւ դա բանակցությունների գլխավոր թեմաներից է այսօր: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ ընդդիմությունն իրենց մեղադրում է Արցախի հարցում  ձեռքերը լվանալու մեջ:

«Մենք հարցի լուծումը դիվանագիտական, քաղաքական ճանապարհով ենք պատկերացնում եւ նաեւ Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի տեսանելիության բարձրացման ճանապարհով, նաեւ իրավական դիվանագիտության ճանապարհով այս հարցն արծարծվում է եւ ես կարծում եմ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հստակ է, թե ով  ինչ պարտավորություն ունի Լաչինի միջանցքի հետ կապված եւ հստակ է՝ ով է փակել ճանապարհը եւ ով պետք է բացի Լաչինի միջանցքը եւ ով պետք է վերահսկողություն սահմանի Լաչինի միջանցքի վրա: Եւ մենք ջանում ենք ամեն ինչ անել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության  դրույթները վերականգնվեն եւ շարունակեն գործել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքը փակ է արդեն 2 ամիս, Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ: