Դեսպանատան միջոցով հայկական կողմին Սյունիքի մարզում հյուպատոսություն բացելու վերաբերյալ դիմումներ չեն եղել, Sputnik Արմենիային հայտնել են Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումից հետո ՌԴ դեսպանատունը նույնպես այս շրջանում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու ցանկություն է հայտնել։ Իբր Ռուսաստանը տարբեր ուղիներով այդ մտադրությունների մասին հայտնել է Հայաստանի իշխանություններին։
Թերթը հարցում է ուղարկել Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով պարզաբանել արդյոք Ռուսաստանը պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես դիմել է Հայաստանին հյուպատոսություն բացելու հարցով։ Ի պատասխան գերատեսչությունը նշել է, որ «Հայաստանը Ռուսաստանից պաշտոնական առաջարկ չի ստացել Սյունիքի մարզում հյուպատոսություն բացելու վերաբերյալ»։
Նշենք, որ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը բացվել է 2022 թվականի հոկտեմբերի 21-ին։ Բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։





























