Ռուսաստանը կարող է ողջունել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի մասնակցությամբ եռակողմ երկխոսությունը, եթե այն նպաստի Կովկասում հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվան բազմիցս ասել է իր գործընկերներին, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի մասնակցել այն միջազգային ձեւաչափերին, որոնք համապատասխանում են իր շահերին եւ ուղղված չեն երրորդ երկրների դեմ, ինչպես նաեւ հաշվի են առնում ուժերի առկա հավասարակշռությունը։ «Սակայն, եթե այս նախաձեռնության հետեւեում նկատվում են Վաշինգտոնի եւ Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խաթարել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, ապա դա բոլորովին այլ պատմություն է»,- ասել է Զախարովան։
Դիվանագետը նաեւ նշել է, որ հենց եռակողմ համաձայնագրերն են հիմք հանդիսանում Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման համար։ Այս ձեւաչափի շրջանակներում 2020 թվականից սկսած առանցքային գործընթացներ են սկսվել հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաեւ հասարակական, փորձագիտական եւ խորհրդարանական շրջանակների ներկայացուցիչների միջեւ կապերի հաստատման ուղղությամբ։
Ինչ վերաբերում է Անդրկովկասում ձեւաչափերին, ապա նա մատնանշել է 3+3 խորհրդատվական-տարածաշրջանային հարթակը, որն ընդգրկում է Անդրկովկասի երեք պետություններին, ինչպես նաեւ Ռուսաստանին, Թուրքիային եւ Իրանին։
«Այս մեխանիզմը հնարավորություն է տալիս համատեղել տարածաշրջանի ավելի լայն շրջանակի երկրների շահերը։ Սա նաեւ պետք նպաստի նրանց միջեւ առկա հակասությունների վերացմանը, առեւտրատնտեսական, տրանսպորտային, մշակութային ու հումանիտար կապերի զարգացմանը, ընդհանուր մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ պայքարին»,- ասել է Զախարովան։











